Քննչական կոմիտեի մեդալները և կրծքանշանները
«Պատվավոր քննիչ» կրծքանշան
Կրծքանշանը ՀՀ քննչական կոմիտեի բարձրագույն գերատեսչական պարգևն է:
Կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 20 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողներն իրենց ծառայողական պարտականությունների գերազանց կատարման, աշխատանքի հմուտ կազմակերպման և ծառայողական գործունեության երկարամյա բարձր ցուցանիշների համար:
Կրծքանշանով կարող են պարգևատրվել նաև օտարերկրյա պետությունների քննչական մարմինների՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 20 տարի մասնագիտական ստաժ ունեցող աշխատակիցները ՀՀ քննչական կոմիտեի խնդիրների իրականացման գործում աջակցության և երկարամյա համագործակցության համար:
«Հավատարմության համար» մեդալ
Մեդալը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Մեդալով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 15 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների, այդ թվում՝ «Անձնվիրություն և անվեհերություն» կամ «Վաստակի համար» մեդալների, արժանացած ծառայողները ծառայողական գործունեության բարձր ցուցանիշների, ՀՀ քննչական կոմիտեում ձևավորված քննչական ավանդույթներին հավատարիմ լինելու և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար:
Մեդալով կարող են պարգևատրվել նաև ՀՀ քննչական կոմիտեի պետական և (կամ) քաղաքացիական ծառայության առնվազն 15 տարվա ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների, այդ թվում՝ «Վաստակի համար» մեդալի, արժանացած ծառայողները ծառայողական գործունեության բարձր ցուցանիշների և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար:
«Անձնվիրություն և անվեհերություն» մեդալ
Մեդալը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Մեդալով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները կյանքի և առողջության համար վտանգավոր իրադրությունում, համարձակ որոշումներ պահանջող արտակարգ իրավիճակներում խիզախություն, անձնվիրություն և անվեհերություն ցուցաբերելու համար:
Ծառայողական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության, անձնվիրության և անվեհերության համար մեդալով պարգևատրումը կարող է իրականացվել նաև հետմահու:
«Վաստակի համար» մեդալ
Մեդալը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Մեդալով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար:
Մեդալով կարող են պարգևատրվել նաև ՀՀ քննչական կոմիտեի պետական և (կամ) քաղաքացիական ծառայության առնվազն 10 տարվա ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար:
«Անբասիր ծառայության համար» մեդալ
Մեդալը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Մեդալն ունի չորս աստիճան`
1) առաջին աստիճանի մեդալ 15 տարվա ծառայության համար.
2) երկրորդ աստիճանի մեդալ 10 տարվա ծառայության համար.
3) երրորդ աստիճանի մեդալ 6 տարվա ծառայության համար.
4) չորրորդ աստիճանի մեդալ 3 տարվա ծառայության համար:
Մեդալի բարձրագույն աստիճանն է համարվում առաջին աստիճանը: Մեդալով պարգևատրումն իրականացվում է հաջորդաբար՝ չորրորդ, երրորդ, երկրորդ և առաջին աստիճան: Մեդալի նախորդ աստիճանը չունենալու դեպքում հաջորդ աստիճանով պարգևատրումն արգելվում է:
Մեդալով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում համապատասխան մասնագիտական ստաժ ունեցող ծառայողները երկարամյա և անբասիր ծառայության համար: Մեդալով կարող են պարգևատրվել նաև ՀՀ քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողները:
«Համագործակցության համար» մեդալ
Մեդալը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Մեդալով պարգևատրվում են`
1) ՀՀ պետական այլ մարմինների աշխատակիցները, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործությունների բացահայտման և քննության գործում ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանն աջակցելու, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի խնդիրների իրականացման գործում երկարամյա համագործակցության համար,
2) ՀՀ քաղաքացիները, ՀՀ և օտարերկրյա պետությունների հասարակական և քաղաքական գործիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ քննչական կոմիտեի զարգացման և գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար,
3) ՀՀ քննչական կոմիտեի վետերանները երկարամյա և արգասաբեր համագործակցության, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի երիտասարդ քննիչներին մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար:
«Լավագույն քննիչ» կրծքանշան
Կրծքանշանը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 3 տարի մասնագիտական ստաժ ունեցող ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման և քննության գործում բարձր ցուցանիշների, ինչպես նաև քննության ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական միջոցների և մեթոդների ներդրման համար:
«Պատվավոր գործընկեր» կրծքանշան
Կրծքանշանը ՀՀ քննչական կոմիտեի գերատեսչական պարգև է:
Կրծքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք: