Ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
23.07.20, 11:58

Հաշվետվություն՝ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետի կողմից կատարած աշխատանքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ա.Բ-ի կողմից՝ 21.04.2020-21.07.2020թթ. ընթացքում ուսումնասիրվել և վերլուծվել են Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում քննվող պետությանը պատճառված գույքային վնասով ոչ կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նյութերը, որոնց շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները:

Վեր են հանվել շուրջ 300 գնման ընթացակարգի փաթեթներ և ուսումնասիրվել են շուրջ 5000-ից ավելի անվանում ապրանքատեսակներ, ինչպես նաև առգրավված հաշվապահական օբյեկտներ և մի շարք այլ փաստաթղթեր: Հետազոտությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել որոշել 33/երեսուներեք/ փաթեթներում առկա շուրջ 300-ից ավելի ապրանքատեսակի շուկայական արժեքները 2014-2018թթ դրությամբ:

Վերոնշյալ 33/երեսուներեք/ գնման ընթացակարգերի փաթեթներում ներառված ապրանքատեսակներն են՝

  • դեղորայք
  • բժշկական սարքավորումներ
  • բժշկական պարագաներ
  • լաբորատոր նյութեր
  • փափուկ գույք
  • կահույք
  • շինարարական նյութեր:

Կատարվել է նաև նշված  33/երեսուներեք/ գնման ընթացակարգի փաթեթների թղթապանակներում առկա պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի, հանձնման-ընդունման ակտերի, արձանագրությունների ուսումնասիրություն:

Նշված խմբերում ընդգրկված ապրանքատեսակների շուկայական արժեքները պարզելու նպատակով իրականացվել է շուկայի ուսումնասիրություն, այդ թվում՝ հարցումներ են կատարվել շուրջ մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների, վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված առգրավումների և հարցումների արդյունքում ստացված մաքսային գործերի ու ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական բազաներում ապրանքատեսակների ներմուծումների տվյալների ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել քննության համար հետաքրքրություն ներկայացնող  տեղեկությունները։

Բացի այդ, մի շարք ապրանքատեսակների շուկայական արժեքը պարզելու նպատակով հարցումներ են կատարվել ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարությանը կից «Ակադեմիկոս Վիլեն Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությանն և այլ իրավասու մարմիններին, ինչպես նաև ուսումնասիրվել են պետական գնումների էլեկտրոնային տեղեկատվական համակարգերում (www.gnumner.am, www.armeps.am) և շուրջ երեք տասնյակից ավելի համացանցային կայքերում առկա տեղեկատվությունը։

Նշված ապրաքատեսակների շուկայական արժեքի որոշման նպատակով ուսումնասիրություններն իրականացվել են համեմատական, եկամտային և ծախսային մեթոդների կիրառմամբ։