Ելույթներ և հարցազրույցներ
08.05.23, 09:46

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի 171-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 08.05.2023թ. N129-Լ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀՐԱՄԱՆԸ

08.05.2023թ. N129-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 171-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

Հրամայում եմ.

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով քննությունների անցկացման, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորում անցկացնելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակի ձևավորման կարգերը հաստատելու մասին» թիվ    171-Լ հրամանի (այսուհետ՝ հրաման) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հրամանի N 3 հավելվածում.
1) 45-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
2) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Սույն կարգի 44-րդ կետով նախատեսված տեղեկանքը ստանալու օրվանից մեկ տարի հետո Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն անցնում է արտահերթ ատեստավորում:»: 

3. Հրամանի N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2 կետով.
«12.2. Կարգապահական տույժ ունենալու ժամանակահատվածում Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի կարող սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված կարգով ներկայացվել արտահերթ առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար:»:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահին և անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին:
 

Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ
 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
08.05. 2023թ.  թիվ  129-Լ հրամանի

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
15.12.2021թ. թիվ 171-Լ հրամանի 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց  թեկնածությունների ցուցակի (այսուհետ` թեկնածությունների ցուցակ)  համալրման նպատակով գրավոր և բանավոր քննությունների (այսուհետ՝ միասին քննություններ) անցկացման, հարցաթերթիկում ներառվող հարցերի շրջանակը և դրա լրացման կարգը:

2. Թեկնածությունների ցուցակը համալրում է Կոմիտեի որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)` առնվազն տարին մեկ անգամ:

3. Քննությունները բաղկացած են գրավոր և բանավոր փուլերից, որին մասնակցելու համար թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք (այսուհետ՝ հայտատու) ներկայացնում են.
1) դիմում,
2) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, ծննդյան վկայական, նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ) պատճենը,
3) ընտանիքի անդամի (ամուսին, ծնող, զավակ, քույր, եղբայր) անձնագրերի, ծննդյան վկայականների պատճենները,
4) տեղեկանք հաշվառման վայրից (եթե ներկայացվել է միայն նույնականացման քարտ) և/կամ փաստացի բնակության վայրից (եթե բնակության վայրը տարբերվում է հաշվառման վայրից),
5) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված  դիպլոմի/դիպլոմների և դրանց միջուկների պատճենները),
6) աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ,
7) կենսագրական տվյալները պարունակող քարտ,
8) ինքնակենսագրություն (ձեռագիր), որը ներառում է անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, կրթությունը (նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, ընդունվելու և ավարտելու տարեթվերը), ծառայությունը զինված ուժերում, կոչումը (եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է), աշխատանքային փորձը (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության), փաստացի բնակության և հաշվառման հասցեն, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամների (ամուսին, ծնող, զավակ, քույր, եղբայր, ամուսնու ծնող, քույր, եղբայր) տվյալները՝ նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատանքի վայրի և զբաղեցրած պաշտոնի, դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև ստորագրությունը և ամսաթիվը,
9) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (զինվորական գրքույկի պատճենը) կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է),
10) քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելուն խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ (տեղեկանք), իսկ դրանում համապատասխան տեղեկատվության բացակայության դեպքում՝ նաև հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատություններից տեղեկանք,
11) բնութագիր վերջին աշխատավայրից, իսկ աշխատանքային ստաժ չունենալու դեպքում՝ վերջին ուսումնական հաստատությունից,
12) 4×6 չափսի լուսանկար՝ դասական հագուստով (տղամարդիկ՝ կոստյումով և փողկապով):

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալները ստուգվում են Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության կողմից:

5. Գրավոր և բանավոր քննությունների նպատակը հայտատուի մասնագիտական գիտելիքների ստուգումն է:

6. Գրավոր քննությունից դրական գնահատական ստանալուց հետո՝ հայտատուները հնարավորություն են ստանում հանձնել բանավոր քննություն: Քննություններից դրական գնահատական ստանալու դեպքում հայտատուները լրացնում են հարցաթերթիկ:

7. Հանձնաժողովը Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am) և Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:

8. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջները, այդ թվում՝ հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերին վերաբերող պահանջները չբավարարվելու դեպքում հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

9. Հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում  հայտերի ընդունման և թեկնածությունների ցուցակը կազմելու օրենքով նախատեսված ընթացակարգը:

10. Հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը քննարկվում է Հանձնաժողովի կողմից:

11. Քննությունն, ըստ անհրաժեշտության կարող է անցկացվել նաև հեռավար՝ տեսաձայնային կապի միջոցով:

12. Քննության ընթացքում կարող են կիրառվել խլացուցիչներ: 
 

2. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
 

13. Գրավոր քննության առաջադրանքն իրենից ներկայացնում է մեկ իրավական խնդիր, որը կազմվում է նախօրոք:

14. Գրավոր քննության առաջադրանքն (իրավական խնդիրն) ընդգրկում է մեկական իրավական հարցադրում հետևյալ բնագավառներից.
1) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք,
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրավունք,
3) քրեագիտություն:

15. Բանավոր քննության հարցաշարը հաստատում է Կոմիտեի նախագահը: Այն կազմվում է նախօրոք, որը գրավոր քննությունից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակվում  Կոմիտեի պաշտոնական կայքում:

16. Բանավոր քննության հարցաշարը բաղկացած է երկու հարյուր քսան հարցից, որոնք ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
1) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք՝ հարյուր հարց,
2)Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրավունք՝ յոթանասուն հարց,
3) քրեագիտություն՝ հիսուն հարց:

17. Բանավոր քննության հարցատոմսն ընդգրկում է երեք հարց.
1) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք՝ մեկ հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրավունք՝ մեկ հարց,
3) քրեագիտություն՝ մեկ հարց:

3. ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

18. Գրավոր քննությունն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:

19. Հայտատուն գրավոր քննությանը  մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Մասնակցի ինքնությունը ստուգվելուց հետո նրան թույլատրվում է տեղ զբաղեցնել  քննասենյակում:

20. Հայտատուների մուտքը քննասենյակ դադարեցվում է գրավոր քննությունը  սկսվելուց 10 րոպե առաջ:

21. Գրավոր քննությանը հայտատուներին արգելվում է քննասենյակ բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:

22. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին պարզաբանում է գրավոր քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատաս­խանում հայտատուների  հարցերին:

23. Յուրաքանչյուր հայտատուի տրամադրվում է մեկ առաջադրանք (իրավական խնդիր), որից հետո Հանձնաժողովի քարտուղարից ստանում է Հանձաժողովի կողմից թղթային կրիչ (այսուհետ՝ տետր)՝ պատասխանը շարադրելու համար: Տետրի վրա՝ վերևի հատվածում, նշվում է հայտատուի անունը, ազգանունը, հայրանունը, որը ծածկագրման նպատակով ծալվում, սոսնձվում և դրոշմվում է:

24. Գրավոր քննության տևողությունը երկու ժամ է։ 

25. Հանձնաժողովի քարտուղարը քննության ավարտից 10 րոպե առաջ հայտատուներին հիշեցնում է մնացած ժամանակի մասին:

26. Գրավոր քննության աշխատանքն ավարտելուց կամ գրավոր քննության համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո, հայտատուն Հանձնաժողովի քարտուղարին է հանձնում տետրը:

27. Հանձնաժողովի քարտուղարը տետրը հանձնում է Հանձնաժողովի նախագահին, իսկ հայտատուի ցանկության դեպքում՝ թույլատրում  պատճենահանել այն:

28. Սույն գլխի պահանջները խախտելու դեպքում Հանձնաժողովը դադարեցնում է հայտատուի մասնակցությունը քննությանը, գրավոր քննության աշխատանքը ճանաչում է անվավեր և գնահատում զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում մասնակցի գրավոր քննության աշխատանքի վրա և կազմում համապատասխան արձանագրություն: 

 

4. ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

29. Ստուգված գրավոր քննության աշխատանքը պետք է պարունակի դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումները,  որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:

30. Գրավոր քննության առաջադրանքը (իրավական խնդիրը) գնահատվում է առավելագույնը յոթանասունհինգ միավոր, իսկ  յուրաքանչյուր հարցադրման պատասխանն՝  առավելագույնը  քսանհինգ  միավոր:

31. Գրավոր քննության յուրաքանչյուր հարցադրում գնահատվում է հաշվի առնելով հետևյալ  չափորոշիչները`
1) իրավական գիտելիքների դրսևորում (օրենսդրական նորմերի իմացություն, իրավական նորմի բովանդակության ճիշտ և ամբողջական մեկնաբանում, ինչպես նաև խնդրում ներկայացված փաստերի և վերաբերելի իրավական նորմերի համադրված վերլուծություն)՝ 15 միավոր,
2) իրավաբանական գրավոր խոսքի հստակության և տրամաբանության սահունության դրսևորում՝ 10 միավոր:

32. Սույն կարգի 29-րդ կետով նախատեսված գնահատման չափորոշիչների կիրառման արդյունքում ձևավորված ընդհանուր գնահատականը կարող է նվազեցվել պատասխանի թերի շարադրանքի, պատասխանի հետ չկապված, կամ ոչ վերաբերելի նորմերի վկայակոչման կամ վերլուծության ինչպես նաև  լեզվական, կառուցվածքային, ոճական, կետադրական և ուղղագրական սխալների համար:   

33. Տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփվելուց հետո:

34. Գրավոր քննության աշխատանքը գնահատվում է զրո միավոր, եթե այն ներկայացվել է չծածկագրված, չդրոշմավորված տետրով կամ այլ  անհատականացնող նշումներով:

35. Գրավոր քննության արդյունքները հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքում՝ մինչև անցկացման օրվան հաջորդող տասնհինգերորդ աշխատանքային օրը:

36. Գրավոր քննության արդյունքները ներառում են առաջադրանքի (իրավական խնդրի) յուրաքանչյուր հարցադրման համար ստացած գնահատականը և հայտատուների հանրագումարային միավորները:

37. Գրավոր քննության արդյունքում անցողիկ՝ հիսուն և ավելի միավորներ հավաքած հայտատուները իրավունք են ստանում մասնակցելու բանավոր քննության փուլին:

38. Գրավոր քննության արդյունքները հայտարարելուց հետո սեղմ ժամկետում կազմակերպվում է բանավոր քննությունը, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տեղադրվում Կոմիտեի պաշտոնական կայքում:
 

5. ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

39. Բանավոր քննության սենյակ հայտատուն ներկայանում է Հանձնաժողովի քարտուղարի հրավերով:

40. Հայտատուն բանավոր քննությանը ներկայանում է` հայտնելով իր անունը և ազգանունը:

41. Հայտատուին արգելվում է մտնել բանավոր քննության անցկացման սենյակ՝ իր մոտ ունենալով տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:

42. Հայտատուն իր ցանկությամբ ընտրում է թափանցիկ արկղում տեղադրված հարցատոմսերից մեկը և հայտարարում դրա համարը:

43. Բանավոր քննության ընթացքում հայտատուին կարող են տրվել նաև հարցատոմսին առնչվող հարակից բանավոր հարցեր: Բանավոր քննության ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հայտատուին կարող է տալ առավելագույնը երկու հարակից հարց: Յուրաքանչյուր հարցից հետո, հարց տվող Հանձնաժողովի անդամը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ նշում ճիշտ պատասխանը: Հարակից հարցերի ընդհանուր քանակը չի կարող գերազանցել տասը հարցը:

44. Հանձնաժողովը քվեարկության միջոցով հայտատուի պատասխանը գնահատում է դրական կամ բացասական: 

45. Բանավոր քննության արդյունքների գնահատման համար հաշվի են առնվում հետևյալ  չափորոշիչները`

1) իրավական գիտելիքների դրսևորում (օրենսդրական նորմերի իմացություն, իրավական նորմի բովանդակության ճիշտ և ամբողջական մեկնաբանում, դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների ճիշտ և բովանդակալից ներկայացում՝ այդպիսիք առկա լինելու դեպքում),

2) իրավաբանական խոսքի հստակության և տրամաբանության սահունության դրսևորում:

46. Բանավոր քննության արդյունքների ամփոփման հաջորդ օրը արդյունքները հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքում:

47. Բանավոր քննության ընթացքը  ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է:

48. Բանավոր քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: 
 

6. ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

49. Քննություններից դրական գնահատական ստացած անձինք լրացնում են հարցաթերթիկ:

50. Հարցաթերթիկը ներառում է հոգեբանական բնույթի հարցեր, որի նպատակը հարցաթերթիկ լրացնելու միջոցով հայտատուի կողմից քննիչի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հոգեբանական, կամային, հաղորդակցային և մյուս որակների ուսումնասիրությունն  է:

51. Հարցաթերթիկում ներառվող հարցերի շրջանակն ընդգրկում է մասնագիտական գործունեության արդյունավետությունն ապահովող և մասնագիտական գործունեության արդյունավետությանը խոչընդոտող որակների վերաբերյալ հարցադրումներ:

52. Հարցաթերթիկում ներառվող հարցերի շրջանակը հնարավորություն է տալիս գնահատելու.
1)  հայտատուների  մասնագիտական գործունեության արդյունավետությունն ապահովող հետևյալ որակական հատկանիշները.
ա. Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու շարժառիթն ու ակնկալիքը,
բ. դիտողունակությունը,
գ. անհրաժեշտ տեղեկություններին արագ և որակյալ արձագանքելու ունակությունը,
դ. արագ մտածելու, կողմնորոշվելու ունակությունը,
ե. մտքերը դիպուկ և հասկանալի արտահայտելու ունակությունը,
զ. տեղեկությունն արագ վերլուծելու և մշակելու ունակությունը,
է. մարդկանց լսելու ունակությունը,
ը. արդյունավետ հաղորդակցման հմտությունները,
թ. կազմակերպչական հմտությունները,
ժ. նախաձեռնությունը,
ժա. նպատակասլացությունը, համառությունը,
ժբ. ազնվությունը,
ժգ.ինքնակազմակերպումը (այդ թվում՝ ժամանակի կառավարման հմտությունները),
ժդ. ճշգրտությունը, կարգապահությունը,
ժե. ինքնատիրապետումը,
ժզ. ինքնուրույնությունը,
ժէ. գործնականությունը (պրակտիկությունը).

2) հայտատուների  մասնագիտական գործունեության արդյունավետությանը խոչընդոտող հետևյալ որակական հատկանիշները.
ա. աշխատանքի նկատմամբ ձևական (ֆորմալ, ոչ մոտիվացված) վերաբերմունքը,
բ. սեփական մտքերը արտահայտելու դժվարությունները,
գ. ցրվածությունը,
դ. դրական փոխհարաբերություն ստեղծելու անկարողությունը,
ե. անհանդուրժողականությունը,
զ. ծուլությունը,
է. տպավորվողականությունը:

53. Հայտատուների՝ սույն կարգի 50-րդ կետում նշված հատկանիշները գնահատվում են Կոմիտեում աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող հոգեբանի կողմից՝ միջազգային պրակտիկայում ընդունելի համարվող և կիրառվող հոգեբանական թեստերի համակցության միջոցով, որոնցով հնարավոր է ստուգել հայտատուի՝
1) էմոցիոնալ ինտելեկտը (ինքնաճանաչման մակարդակը, ինքնակառավարման մակարդակը, սոցիալական կարողությունները և հարաբերությունների կառավարման ունակությունները),
2) բարոյական դատողությունը (ազնվությունը, սկզբունքայնությունը, արդարամտությունը),
3) արժեհամակարգը։

54. Հարցաթերթիկի լրացման համար տրվում է 30 րոպե: Այդ ընթացքում չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից:

55. Հարցաթերթիկը ներառում է հարցադրումներ, որոնք բաղկացած են երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից: Հայտատուն հարցադրման համապատասխան վանդակում կատարում է «V»-աձև նշում: Հարցաթերթը կարող է ներառել նաև հարցադրումներ, որոնց պատասխանելու համար հայտատուն ընդգծում է «այո» կամ «ոչ» պատասխանը:

56. Հայտատուն համարվում է հարցաթերթիկ չլրացրած, եթե նա թույլ է տվել սույն գլխի պահանջների  խախտում կամ եթե հարցաթերթիկի լրացման համար հատկացված ժամանակն ավարտվելու պահի դրությամբ չի պատասխանել հարցաթերթի  բոլոր հարցերին։

57. Հոգեբանը հարցաթերթիկի լրացման արդյունքների հիման վրա  1-ից 10-ը բալանոց սանդղակով (որտեղ 1-ն ամենացածրն է, իսկ 10-ն՝ ամենաբարձրը) գնահատում է հայտատուի հոգեբանական որակական հատկանիշները՝ պահպանելով հարցաթերթիկին վերաբերող տեղեկատվության գաղտնիությունը:

58. Հարցաթերթիկի հարցադրումների հստակեցման նպատակով  հոգեբանը կարող է հայտատուի  հետ  անցկացնել նաև հարցազրույց։

59. Գնահատումն ավարտելուց հետո հոգեբանը հարցաթերթիկի գնահատման արդյունքները ուղարկում է Հանձնաժողովին։

60. Հանձնաժողովը յուրաքանչյուր հայտատուի մասով ուսումնասիրում է ինչպես մասնագիտական գործունեության արդյունավետությունն ապահովող, այնպես էլ մասնագիտական գործունեության արդյունավետությանը խոչընդոտող որակական հատկանիշները, կարողությունները, անհատական հոգեբանական առանձնահատկությունները, որոնց վերաբերյալ տալիս է դրական կամ բացասական եզրակացություն, որը ներկայացվում է Կոմիտեի նախագահին:

 

7. ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ

61. Քննություններից դրական գնահատական ստացած և հարցաթերթիկը լրացնելուց հետո դրական եզրակացություն ստացած հայտատուները Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա ընդգրկվում են թեկնածությունների ցուցակում  երեք տարի ժամկետով՝ Հանձնաժողովի որոշմամբ:

62. Թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիր են անցնում և հանձնում որակավորման քննություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության  օրենքով նախատեսված դեպքերի: Ուսումնառությունը չանցած անձը հանվում է թեկնածությունների ցուցակից՝ Հանձնաժողովի որոշմամբ:

63. Թեկնածությունների ցուցակի համալրման օրվանից հետո ողջամիտ ժամկետում ցուցակը ներկայացվում է արդարադատության ակադեմիա:

64. Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածում անձը երկու անգամ ինքնավար պաշտոն զբաղեցնելու գրավոր առաջարկ ստանալու և դրանից հրաժարվելու դեպքում հանվում է թեկնածությունների ցուցակից:

65. Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածի ավարտին Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ չստանալու դեպքում անձը կարող է դիմել Հանձնաժողով՝ իր տեսական գիտելիքները ստուգելու համար: Դրական եզրակացություն ստանալու դեպքում անձը ևս երեք տարի ժամկետով շարունակում է ընդգրկված մնալ թեկնածությունների ցուցակում:

66. Հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան՝ որոշումը հրապարակվելուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում:»: