ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
04.01.23, 11:46

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի N167-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 04.01.2023թ. N 7-Լ)

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀՐԱՄԱՆԸ 

 

08.12.2021թ.N 167-Լ
Ինկորպորացիա առ 04.01.2023թ. N 7-Լ



Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ԵՎ «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 56-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում աշխատանքի արդունավետության բարձրացումը խթանելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանումը և քննիչին պարզելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը պատշաճ գնահատականի արժանացնելու նկատառումներից ելնելով և ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հրամայում եմ.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի:

2.  Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևագրերի նկարագրերը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը, պայմանները հաստատելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևագրերի նկարագրերը հաստատելու մասին» թիվ 56-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչել:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:

 

 

Ա. Քյարամյան

                                            

        Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
08.12.2021թ. թիվ 167-Լ հրամանի 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե)  Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) յուրաքանչյուր տարի ընտրում է մեկական ստորաբաժանում Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներից (բացառությամբ հատկապես կարևոր գործերի քննության վարչության և վերահսկողության վարչության), Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներից (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի) և մարզային քննչական վարչություններից՝ Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչելու և մեկ քննիչ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ստորաբաժանումներից՝ Կոմիտեի տարվա քննիչ  ճանաչելու նպատակով: (խմբ. 04.01.2023. N 7-Լ)

2. Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որը ձևավորվում է Կոմիտեի նախագահի հրամանով: Հանձնաժողովի կազմում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետը, ներքին անվտանգության վարչության պետը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետը և Կոմիտեի նախագահի կողմից ներկայացված Կոմիտեի 2 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ՝ մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների պետերից: Հանձնաժողովի նախագահը Կոմիտեի նախագահի տեղակալն է: (փոփ. 13.10.2022. N 192-Լ)

3. Կոմիտեի տարվա ստորաբաժանման և տարվա քննիչի տվյալները հանձնաժողովին ներկայացնելու  համար պատասխանատու ստորաբաժանումներն  են՝
1) Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը Կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» թեկնածության համար. (փոփ. 13.10.2022. N 192-Լ)
2) Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը, հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումները, մարզային քննչական վարչությունները,  զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը, կայազորային վարչությունը, կայազորային քննչական բաժինները՝ Կոմիտեի «Տարվա քննիչ» թեկնածության ներկայացման համար: (փոփ. 04.01.2023. N 7-Լ)

4. Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պատասխանատու ստորաբաժանումը Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների (բացառությամբ հատկապես կարևոր գործերի քննության վարչության և վերահսկողության վարչության), Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի) և մարզային քննչական վարչությունների գործունեության վերաբերյալ տարեկան վիճակագրական տվյալները, իրավասու ստորաբաժանումներից ստացված սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, ինչպես նաև քննության որակական կողմը բնութագրող ցուցանիշներն ուղարկում է հանձնաժողովին՝ Կոմիտեի տարվա ստորաբաժանում ընտրելու նպատակով: (փոփ. 13.10.2022. N 192-Լ)

5. Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ  ենթակետով նախատեսված պատասխանատու ստորաբաժանումները քննարկում և համապատասխան ոլորտը համակարգող՝ Կոմիտեի նախագահի տեղակալի համաձայնությամբ հանձնաժողովին են ներկայացնում սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված տվյալները պարունակող Կոմիտեի տարվա քննիչի մեկական թեկնածուի տվյալ՝ հավաստող զեկուցագրի, քննության որակական կողմը բնութագրող ցուցանիշների և հիմնավորող այլ փաստաթղթերի հետ: (փոփ. 13.10.2022. N 192-Լ)

6. Հանձնաժողովը ուսումնասիրում է սույն կարգի 4-րդ կետում նշված ստորաբաժանումների վերաբերյալ վիճակագրական և մյուս տվյալները՝ Կոմիտեի տարվա ստորաբաժանման թեկնածուներ ընտրելու համար, ինչպես նաև Կոմիտեի տարվա քննիչի համար ներկայացված թեկնածությունները, հիմնավորող  փաստաթղթերը, քննարկում քննության որակական կողմը բնութագրող ցուցանիշները և կայացնում Կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու վերաբերյալ որոշում: (փոփ. 04.01.2023. N 7-Լ)

7. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

8. Կայացված որոշման վերաբերյալ կազմված արձանագրությունը մինչև հունվարի 30-ն ուղարկվում է Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն:

9. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը նախապատրաստում և Կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչելու, ինչպես նաև Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու վերաբերյալ հրամանների նախագծերը:

10. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը Կոմիտեի տարվա ստորաբաժանումների  անվանումները, ինչպես նաև Կոմիտեի տարվա քննիչի լուսանկարը և կենսագրական տվյալներն ուղարկում է Կոմիտեի արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչություն՝ Կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրելու համար: (փոփ. 04.01.2023. N 7-Լ)

11. Կոմիտեի տարվա ստորաբաժանում, տարվա քննիչ ճանաչելու մասին հրամանները հրապարակվում են Կոմիտեի կոլեգիայի նիստում, որտեղ Կոմիտեի տարվա ստորաբաժանմանը, ի դեմս ստորաբաժանման պետի և տարվա քննիչին հանձնվում են Կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» անվանումներով պարգևագրեր:

12. Կոմիտեի տարվա քննիչ ճանաչված ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը,  Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչված ստորաբաժանման պետը, ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձինք, ինչպես նաև տվյալ ստորաբաժանման աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք կարող են խրախուսվել Կոմիտեի նախագահի կողմից: 

 

ԳԼՈՒԽ 2.  ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Կոմիտեում տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու նպատակով  ընտրությունը կատարվում է սույն գլխով նախատեսված տվյալների ուսումնասիրությունների հիման վրա:

14. Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչելու նպատակով ներկայացվում են հաշվետու տարվա կտրվածքով տվյալ ստորաբաժանմանը վերաբերելի հետևյալ տվյալները՝
1) նախաձեռնված քրեական վարույթների (քրեական գործերի) թիվը, ընթացքը և դրանք ավարտելու ժամկետներն` ըստ հանցանքի տեսակները (ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր).
2) կազմված մեղադրական եզրակացությունների, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար եզրափակիչ ակտերի (բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումների) թիվը.
3) մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտած քրեական վարույթներով (քրեական գործերով) մեղադրանք ներկայացված (առաջադրված) անձանց թիվը՝ նշելով ըստ դրվագների, թե որ հոդվածներով է մեղադրանքներ ներկայացվել (առաջադրվել).
4) կարճված քրեական վարույթների (քրեական գործերի) թիվը՝ նշելով կարճման որոշումների հիմքերը՝ արդարացնող և ոչ արդարացնող, ինչպես նաև ոչ արդարացնող  հիմքերով կարճված վարույթներով այն անձանց թիվը, որոնց նկատմամբ կայացվել է կարճման որոշում.
5) բացահայտված քրեական վարույթների (քրեական գործերի) թիվը.
6) քրեական վարույթներով (քրեական գործերով) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատարան ուղարկված  միջնորդությունների, ինչպես նաև դատարանի կողմից բավարարված միջնորդությունների թիվը.
7) քրեական վարույթներով (քրեական գործերով) դատարանի թույլտվությամբ իրականացվող քննչական գործողությունների, այդ թվում՝ գաղտնի քննչական գործողությունների, կատարման համար դատարան ներկայացված միջնորդությունների, ինչպես նաև դատարանի կողմից բավարարված միջնորդությունների թիվը.
8) քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին միջնորդությունների, ինչպես նաև բավարարված միջնորդությունների թիվը.
9) քրեական վարույթներով (քրեական գործերով) դատախազի կողմից չհաստատված  մեղադրական եզրակացությունների, բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու համար եզրափակիչ ակտերի (բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումների) թիվը (ներկայացնելով դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտը հաստատված չլինելու մասին որոշումների պատճենները).
10) քրեական վարույթներով (քրեական գործերով)  ձերբակալված անձանց թիվը՝ նշելով հիմքերը.
11) քրեական վարույթներով (քրեական գործերով) բացահայտված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցները.
12) քրեական վարույթներով (քրեական գործերով) ստեղծված քննչական խմբերում մասնակցության թիվը.
13) առավել բարդ, բազմադրվագ կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական վարույթներով (քրեական գործերով) նախաքննության իրականացումը.
14) մարդկանց թրաֆիքինգի, կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված, խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների դեպքերով քրեական վարույթներով (քրեական գործերով) նախաքննության իրականացումը.
15) Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունները.
16) առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդումների (նախապատրաստված նյութերի) թիվը, ընթացքը.
17) չնախաձեռնված քրեական վարույթի նյութերի (քրեական գործի հարուցումը մերժված նյութերի) թիվը, այդ թվում՝ հսկող դատախազի կողմից հաստատված:

15. Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու նպատակով ներկայացվում են հաշվետու տարվա կտրվածքով տվյալ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վերաբերելի սույն կարգի 14-րդ կետով նախատեսված տեղեկությունները, այդ թվում՝
1) հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան անձանց այդ հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդագրեր ներկայացնելը.
2)մինչդատական վարույթ իրականացնելիս քրեաիրավական և քրեադատավարական նորմերի կիրառության էական խախտումների բացակայությունը.
3) կարգապահական տույժի ենթարկված չլինելը.
4) խրախուսված լինելը.
5) քրեական վարույթների (քրեական գործերի) թիվը, որոնցից հեռացվել է վարույթ իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը (ներկայացնելով դատախազի որոշման պատճենը):

16. Կոմիտեի տարվա ստորաբաժանումների ընտրության համար սույն կարգի   14-րդ կետի 1-4-րդ, 8-րդ, 10-րդ ենթակետերով նախատեսված  տվյալները (ցուցանիշները) ներկայացվում են համապատասխանաբար Կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում, մարզային քննչական վարչություններում հաշվետու ժամանակահատվածի համար գրանցված միևնույն ցուցանիշների ընդհանուր հանրագումարում (ինչպես բացարձակ թվերով, այնպես էլ տոկոսային արտահայտությամբ): (խմբ. 04.01.2023. N. 7-Լ)

17. Կոմիտեի տարվա քննիչի համար առաջադրվող թեկնածուի համար սույն կարգի 14-րդ կետի 1-4-րդ, 8-րդ, 10-րդ ենթակետերով նախատեսված  ցուցանիշները ներկայացվում են տվյալ ստորաբաժանման, ինչպես նաև համապատասխանաբար Կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների կամ Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների կամ մարզային քննչական վարչության և դրանց ստորաբաժանումներում հաշվետու ժամանակահատվածի համար գրանցված միևնույն ցուցանիշների ընդհանուր հանրագումարում (ինչպես բացարձակ թվերով, այնպես էլ տոկոսային արտահայտությամբ):

18. Սույն կարգի 14-րդ կետի 5-րդ ենթակետի, 12-ից 14-րդ ենթակետերով,  15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տվյալների հետ ներկայացվում են նաև տեղեկանքներ:
(2-րդ գլուխը խմբ. 13.10.2022. N 192-Լ) 

 

Հավելված N 2
Հայաստանի  Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
08.12. 2021թ. թիվ  167 -Լ հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ԵՎ «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ

ԳԼՈՒԽ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ՊԱՐԳԵՎԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) «Տարվա ստորաբաժանում» պարգևագիրն  (այսուհետ՝ «Տարվա ստորաբաժանում» պարգևագիր) իրենից ներկայացնում է 350 x 350 միլիմետր չափսերի քառակուսի ցուցանակ՝ վրադիր տարրերով (Ձև 1):

2. Ցուցանակը պատրաստվում է փայտից, պատված է մուգ կարմրագույն թավիշով, ունի մուգ շագանակագույն շրջանակ, որը ներսից եզերված է 5 միլիմետր հաստությամբ ոսկեգույն եզրագծով:

3. «Տարվա ստորաբաժանում» պարգևագրի վերևի հատվածում` ոսկեգույն եզրագծից 20 միլիմետր ներքև, տեղակայված է 150 միլիմետր տրամագծով ոսկեգույն շրջան, որը վերևից եզերված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ռելիեֆային գրությամբ, իսկ ներքևից` «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ռելիեֆային գրությամբ: Շրջանի կենտրոնական մասում` վերևի գրառումից 10 միլիմետր ներքև, 40 x 50 միլիմետր չափսերի ոսկեգույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Կոմիտեի խորհրդանիշի երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով՝ ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ (էմալապատ) մորթիով: Արծիվների ներքևում 60 x 90 միլիմետր չափսերի ոսկեգույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի պատկերը:

4. Ոսկեգույն շրջանից 30 միլիմետր ներքև 60 x 120 միլիմետր չափսերի վրադիր տարրի ձևով տեղակայված է ոսկեգույն ուղղանկյուն, որի վրա առկա է ռելիեֆային գրություն` Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի ամսաթվի և հերթական համարի, Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման անվանման, «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» գրառման, ինչպես նաև դրա ճանաչման տարեթվի նշումով:

5. «Տարվա ստորաբաժանում» պարգևագրի վրադիր տարրերը պատրաստվում են պղնձի հատուկ համաձուլվածքից և պատված են 999 հարգի ոսկով:

 

ԳԼՈՒԽ 2. ԿՈՄԻՏԵԻ «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

6. Կոմիտեի «Տարվա քննիչ» պարգևագիրն (այսուհետ՝ «Տարվա քննիչ» պարգևագիր) իրենից ներկայացնում է 340 x 280 միլիմետր չափսերի ուղղանկյուն ցուցանակ՝ վրադիր տարրերով (Ձև 2):

7. Ցուցանակը պատրաստվում է փայտից, պատված է կապույտ թավիշով, ունի մուգ կապույտ շրջանակ, որը ներսից եզերված է 5 միլիմետր հաստությամբ արծաթագույն եզրագծով:

8. «Տարվա քննիչ» պարգևագրի վերևի հատվածում` արծաթագույն եզրագծից 40 միլիմետր ներքև, տեղակայված է 120 միլիմետր տրամագծով արծաթագույն շրջան, որը վերևից եզերված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ռելիեֆային գրությամբ, իսկ ներքևից` «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ռելիեֆային գրությամբ: Շրջանի կենտրոնական մասում` վերևի գրառումից 10 միլիմետր ներքև, 30 x 40 միլիմետր չափսերի արծաթագույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Կոմիտեի խորհրդանիշի երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով՝ ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ (էմալապատ) մորթիով: Արծիվների ներքևում 50 x 80 միլիմետր չափսերի արծաթագույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի պատկերը:

9. Արծաթագույն շրջանից 55 միլիմետր ներքև 45 x 110 միլիմետր չափսերի վրադիր տարրի ձևով տեղակայված է արծաթագույն ուղղանկյունի, որի վրա առկա է ռելիեֆային գրություն` Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի ամսաթվի և հերթական համարի,   Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման քննիչի պաշտոնի, անվան, հայրանվան, ազգանվան, «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» գրառման, ինչպես նաև դրա ճանաչման տարեթվի նշումով:

10. «Տարվա քննիչ» պարգևագրի վրադիր տարրերը պատրաստվում են պղնձի հատուկ համաձուլվածքից և պատված են 925 հարգի արծաթով:

 

 

Ձև 1 

 

Ձ Ե Վ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» պարգևագրի


  

 

 

 

 

Ձև 2

 

 

Ձ Ե Վ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա քննիչ» պարգևագրի