ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
03.07.23, 08:46

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 30-ի N173-Լ հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ

30.06.2023թ. N 173-Լ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԿԱՐԳԸ  ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվող պարգևատրումների արդարացի, կանխատեսելի բաշխումն ապահովելու, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի գնահատման նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հրամայում եմ.


1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի գնահատման, պարգևատրման չափորոշիչները և կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումների պետերին.
1) եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ սույն հրամանի N 1 հավելվածով նախատեսված գնահատման թերթիկը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով  գլխավոր վարչություն ներկայացնել մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 8-ը.
2) ամսական պարգևատրման նպատակով զեկուցագրերը` Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին, իսկ Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի նախագահի համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների դեպքում՝ նախագահին, ներկայացնել մինչև հաջորդող ամսվա 5-ը:

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին`
ամփոփել ամսական պարգևատրման նպատակով ներկայացված զեկուցագրերը և արդյունքները մինչև հաջորդող ամսվա 10-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին:

5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին՝
ամփոփել զեկուցագրի հիման վրա պարգևատրման նպատակով ներկայացված զեկուցագրերը և արդյունքները մինչև հաջորդող ամսվա 10-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին:

6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետին՝
իրականացնել հաշվետու եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ գնահատման թերթիկների մշտադիտարկում և մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 13-ը արդյունքների վերաբերյալ զեկուցագիր ներկայացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին:

7. Սույն հրամանի N 1 հավելվածով սահմանված առաջին եռամսյակային աշխատանքի գնահատումը կատարվում է 2023 թվականի երրորդ եռամսյակից սկսած:

8. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող  և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:

 

                                                                                             Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                                                    __  __  2023 թ.
N     - Լ հրամանի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
 

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի գնահատման և դրամական պարգևատրման (այսուհետ՝ պարգևատրում) չափորոշիչները և կարգը:

2. Պարգևատրումը տրվում է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կատարած որակյալ աշխատանքի համար՝ սույն կարգով նախատեսված պարգևատրման չափորոշիչների հիման վրա՝ հաշվի առնելով առկա ֆինանսական միջոցները:

3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում դեկտեմբեր ամսվա համար, Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ տրվող պարգևատրման, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրամական պարգևատրման հետ կապված հարաբերությունների նկատմամբ:

4. Պարգևատրման չափը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ:

5. Պարգևատրում տրվում է պարգևատրման ֆոնդից, ինչպես նաև աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից:

6. Պարգևատրումները տրվում են Կոմիտեի նախագահի անհատական իրավական ակտերի հիման վրա:

7. Պարգևատրման չափորոշիչները պայմանավորված են օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված համապատասխան աշխատողի լիազորություններով և (կամ) գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքներով:

8. Պարգևատրման չափորոշիչներ չեն սահմանվում Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության պետերի համար:

9. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է.
1) ամսական պարբերականությամբ պարգևատրում.
2) ստորաբաժանման պետի զեկուցագրի հիման վրա՝ ամսական պարգևատրում.
3) եռամսյակային պարգևատրում՝ աշխատանքի գնահատման հիման վրա.
4) Կոմիտեի նախագահի որոշմամբ պարգևատրում:

10. Ամսական պարբերականությամբ պարգևատրումը տրվում է ամսվա կտրվածքով կատարված աշխատանքի արդյունքի համար՝ հաշվի առնելով աշխատանքի բնույթը և բովանդակությունը:

11. Ստորաբաժանման պետի զեկուցագրի հիման վրա ամսական պարգևատրումը տրվում է արդյունավետ, որակյալ աշխատանքի համար: Զեկուցագիրը պետք է լինի պատճառաբանված, օբյեկտիվ, հիմնավոր և նշում պարունակի պարգևատրման չափի վերաբերյալ:

12. Եռամսյակային պարգևատրումը տրվում է աշխատանքի գնահատման չափորոշիչների՝ գնահատման թերթիկի (Ձև N 1) հիման վրա՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության և կայազորային քննչական բաժինների, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների (բացառությամբ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի), մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:



13. Գնահատման թերթիկում լրացվող տեղեկատվությունը պետք է լինի օբյեկտիվ և հիմնավոր:

14. Եռամսյակային աշխատանքի գնահատման արդյունքում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի աշխատանքը  գնահատվում է «բավարար», «լավ» կամ «գերազանց»՝ ըստ միավորների: 40-ից մինչև 50 միավոր հավաքած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի աշխատանքը գնահատվում է «բավարար», 50-ից մինչև 60 միավորի դեպքում՝ «լավ», իսկ 60 և ավելի միավոր հավաքած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը՝ «գերազանց»:

15. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, սույն կարգի 9-րդ կետի     4-րդ ենթակետի համաձայն, կարող է պարգևատրվել Կոմիտեի նախագահի որոշմամբ՝ առանց սահմանված կարգով զեկուցագրի կամ գնահատման թերթիկի:

16. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը նույն ամսում միաժամանակ չի կարող պարգևատրվել սույն կարգի 9-րդ կետով նախատեսված մեկից ավել պարգևատրումներով:

17. Եռամսյակային կտրվածքով աշխատանքի գնահատման արդյունքում 40 միավորից ցածր գնահատված լինելու դեպքում՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի աշխատանքի արդյունքները կարող են ուսումնասիրվել՝ ցածր ցուցանիշների պատճառները պարզելու նպատակով, որի արդյունքներով Կոմիտեի նախագահին կարող է ներկայացվել զեկուցագիր՝ ծառայողական քննություն նշանակելու միջնորդությամբ:

18. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք չեն պարգևատրվում՝
1) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում՝ կարգապահական տույժը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում, իսկ նույն հոդվածի  3-5-րդ կետերով նախատեսված տույժի ենթարկվելու դեպքում՝  կարգապահական տույժը ստանալու օրվանից 4 ամսվա ընթացքում.
2) լիազորությունները կասեցված լինելու ընթացքում.
3) հաշվետու ամսվա ընթացքում փաստացի 11 աշխատանքային օրից պակաս աշխատելու դեպքում, բացառությամբ 9-րդ կետի 2-ից 4-րդ ենթակետերով պարգևատրման.
4) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում.
5) հաշվետու ամսվա ընթացքում Կոմիտեում պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու դեպքում:

19. Սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետներն, առանձին դեպքերում, Կոմիտեի նախագահի հայեցողությամբ կարող են կրճատվել:

 

2. ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

ե. ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն.

20. Կոմիտեի մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների (բացառությամբ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի), զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության և կայազորային քննչական բաժինների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց եռամսյակային աշխատանքը գնահատվում է հետևյալ չափորոշիչներով`

1) դատարան ուղարկված քրեական վարույթներն՝ ըստ հետևյալ միավորների.

ա. ոչ մեծ ծանրության հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական    վարույթ  - 2 միավոր,

բ. միջին ծանրության հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 3 միավոր,

գ. ծանր հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 4  միավոր,

դ. առանձնապես ծանր հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 5  միավոր.

2) կարճված վարույթներն ըստ հետևյալ միավորների.

ա.  ոչ մեծ ծանրության հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 1 միավոր,

բ. միջին ծանրության հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 2 միավոր,

գ. ծանր հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 3  միավոր,

դ. առանձնապես ծանր հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 4 միավոր.

3) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերով քրեական հետապնդման ժամկետները կասեցված վարույթները, որոնցով կատարվել են  անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները (Կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 25-ի թիվ 135-Լ հանձնարարականի հիման վրա հաշվառված)՝ ըստ հետևյալ միավորների.

ա.  ոչ մեծ ծանրության հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ – 0.5 միավոր,

բ. միջին ծանրության հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 1 միավոր,

գ. ծանր հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 2 միավոր,

դ. առանձնապես ծանր հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 3 միավոր.

4) անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները կատարված և հանրային քրեական հետապնդման ենթակա անձը չհայտնաբերված (Կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 25-ի թիվ 135-Լ հանձնարարականի հիման վրա հաշվառված) քրեական վարույթները՝ ըստ հետևյալ միավորների.

ա. ոչ մեծ ծանրության հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ – 0,25 միավոր,

բ. միջին ծանրության հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 0,5 միավոր,

գ. ծանր հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ – 1 միավոր,

դ. առանձնապես ծանր հանցագործության դեպքով յուրաքանչյուր քրեական վարույթ - 2 միավոր.

21. Վարույթները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի Հանրապետության   քրեական օրենսգրքի 155-րդ (Սպանություն), 162-րդ (Ինքնասպանության հասցնելը), 163-րդ (Ինքնասպանության հակելը), 165-րդ (Անզգուշությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը) հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքերով, սակայն քննությամբ պարզվել է, որ եղել են «հանկարծամահության» դեպքեր և որոնց վարույթը կարճվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, գնահատվում են 0,25 միավոր:

22. Սույն կարգի 20-րդ կետում նշված միավորներում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված դեպքերի վերաբերյալ յուրաքանչյուր քրեական վարույթ գնահատվում է 0,25 միավոր:

23. Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության, հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքը գնահատվում է պատճառաբանված զեկուցագրով և նրանք  սույն կարգի 27-րդ կամ 28-րդ  կետերով սահմանված չափից ավել ստորաբաժանման պետի զեկուցագրի հիման վրա ամսական կտրվածքով կարող են պարգևատրվել՝ հաշվի առնելով հետևյալ  չափորոշիչները՝

1) ավարտված կամ ընթացք տրված քրեական վարույթների.

ա. բարդությունը,

բ. բազմադրվագությունը,

գ. հասարակական հնչեղությունը.

2) հանցագործությամբ պետությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը.

3) նախաքննության ընթացքում բացահայտված նոր հանցագործությունների դեպքերը.  

4) արագ արձագանքման դեպքերում՝  քննչական խմբերում ընդգրկված լինելը.

5)  նախաքննության ընթացքում ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ նոր լուծումներ և առաջարկություններ ներկայացնելը:

24. Կոմիտեի մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների (բացառությամբ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի), զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության և կայազորային քննչական բաժինների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ստորաբաժանման պետի զեկուցագրի հիման վրա ամսական կտրվածքով կարող է տրվել պարգևատրում՝ սույն կարգի 23-րդ կետով սահմանված չափորոշիչների առկայության դեպքում:

25. Կոմիտեի կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ստորաբաժանման պետի զեկուցագրի հիման վրա ամսական կտրվածքով  կարող են պարգևատրվել  սույն  կարգի  27-րդ կամ 28-րդ կետերով սահմանված չափից ավել՝ հաշվի առնելով հետևյալ  չափորոշիչները՝

1) Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից.

ա. վերահսկողության ենթակա ստորաբաժանման վարույթում ուսումնասիրված քրեական վարույթների քանակը,

բ. վերահսկողական գործառույթների շրջանակներում քրեական վարույթներով քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ նախապատրաստված  հանձնարարականների քանակը,

գ. քրեական վարույթներով հայտնաբերված խախտումների կապակցությամբ  նախնական ուսումնասիրություն անցկացնելու նպատակով ներկայացված զեկուցագրերի քանակը,

դ. քննարկված և պատասխանված դիմումների քանակը,

ե. քննարկված տեղեկատվության հարցումների քանակը,

զ. իրականացված ուսումնասիրությունները,  ամփոփումները,

է. մինչդատական վարույթին վերաբերող մշակված մեթոդական ուղեցույցների քանակը,

ը. աշխատանքային խմբերում կամ հանձնաժողովներում կատարված արդյունավետ աշխատանքը,

թ. հրատարակված գիտական հոդվածները, մենագրությունները.

2) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված չափորոշիչները, այդ թվում.

ա. մշակված Կոմիտեի նախագահի տեղակալի ներքին և անհատական իրավական ակտերի  նախագծերի քանակը,

բ. oրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ ներկայացված առարկայական դիրքորոշումների և առաջարկությունների քանակը.

3) Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից.

ա.Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացված ուսումնասիրությունների,  հայտնաբերված  էական խախտումների  քանակը,

բ.  ներկայացված վերլուծական նյութերի քանակը,

գ. քննարկված տեղեկատվության հարցումների քանակը,

դ. քրեագիտական  տեխնիկայի կիրառման բնագավառում քննիչների գիտելիքների, աշխատանքային կարողությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքների ծավալը,

ե. մինչդատական վարույթին վերաբերող մշակված մեթոդական ուղեցույցների քանակը,

զ. իրականացված ուսումնասիրությունների,  ամփոփումների քանակը,

է. աշխատանքային խմբերում կամ հանձնաժողովներում կատարված արդյունավետ աշխատանքը,

ը. հրատարակված գիտական հոդվածները, մենագրությունները.

4) Կոմիտեի ներքին անվտանգության վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից.

ա.Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացված ուսումնասիրությունների և հայտնաբերված խախտումների  քանակը,

բ. նախնական ուսումնասիրության շրջանակներում ի հայտ բերված առերևույթ  կարգապահական խախտման նոր դեպքերի քանակը,

գ. կարգապահական խախտում ծնող պատճառների և դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման ուղղությամբ ներկայացված առաջարկությունների քանակը,

դ. իրականացված ուսումնասիրությունները,  ամփոփումները,

ե. աշխատանքային խմբերում կամ հանձնաժողովներում կատարված արդյունավետ աշխատանքը,

զ. հրատարակված գիտական հոդվածները, մենագրությունները.

5) Կոմիտեի իրավաբանական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից.

ա. օրենսդրության կատարելագործմանն ու Կոմիտեի գործունեության բարելավմանն ուղղված իրավակարգավորումների վերաբերյալ ներկայացված առաջարկների քանակը,

բ. մշակված օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերի, Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալների ներքին և անհատական իրավական ակտերի  նախագծերի քանակը,

գ. մինչդատական վարույթին վերաբերող մշակված ուղեցույց-ձեռնարկների քանակը,

դ. դատական տարբեր ատյաններում դատական ներկայացուցչությունների քանակը,

ե. իրականացված ուսումնասիրությունները,  ամփոփումները,

զ. աշխատանքային խմբերում կամ հանձնաժողովներում կատարված արդյունավետ աշխատանքը,

է. հրատարակված գիտական հոդվածները, մենագրությունները.

6) Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝

ա. օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին կատարված հարցումների քանակը,

բ. օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններ ուղարկելու նպատակով ստացված և խմբագրված  իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների քանակը,

գ. օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված կազմակերպական աշխատանքների ծավալը,

դ. օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միջազգային համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրումը,

ե. իրականացված ուսումնասիրությունները,  ամփոփումները,

զ. աշխատանքային խմբերում կամ հանձնաժողովներում կատարված արդյունավետ աշխատանքը,

է. հրատարակված գիտական հոդվածները, մենագրությունները:

26. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման պետը հաշվետու եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝ Կոմիտեի  ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կազմված աշխատանքի գնահատման  թերթիկը  հաստատում է իր ստորագրությամբ և ուղարկում  Կոմիտեի հատուկ հանձնարարություններով  գլխավոր վարչություն, որտեղ կատարվում է ուսումնասիրություն և վերլուծություն, կազմվում համապատասխան զեկուցագիր և ներկայացվում Կոմիտեի նախագահին:

 

3. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

27. Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին ամսական պարբերականությամբ պարգևատրում տրվում է յուրաքանչյուր ամիս՝ պաշտոնային դրույքաչափի 10-ից 15 տոկոսի չափով, բացառությամբ Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների:

28. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների համար ամսական պարբերական պարգևատրման չափորոշիչներ չեն սահմանվում:
Կատարած որակյալ աշխատանքի համար Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, նրանց տեղակալներին ամսական պարբերական պարգևատրում է տրվում յուրաքանչյուր ամիս՝ պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով՝ բացառությամբ առանձին դեպքերի:

29. Կոմիտեի ստորաբաժանման պետի զեկուցագրի հիման վրա Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է պարգևատրվել 27-րդ կամ 28-րդ կետերով նախատեսված չափից ավել, այդ թվում՝ պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսից ավել:

30. Եռամսյակային աշխատանքների գնահատման արդյունքում 40-ից մինչև 50 միավոր հավաքած՝ «բավարար» գնահատականի արժանացած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը՝ եռամսյակային պարգևատրման չի ներկայացվում: 50-ից մինչև 60 միավոր հավաքած և «լավ» գնահատված Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարգևատրվում է պաշտոնային դրույքաչափի մինչև 80 տոկոսի չափով, իսկ «գերազանց» գնահատվելու դեպքում՝ պաշտոնային դրույքաչափի  մինչև 100 տոկոսի չափով:

31. Սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է պարգևատրվել 27-րդ կամ 28-րդ կետով նախատեսված չափից ավել, այդ թվում՝ պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսից ավել:

32. Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք նախատեսված պարգևատրման սահմանված չափից ավել յուրաքանչյուր ամիս պարգևատրվում են նաև պաշտոնային դրույքաչափի 2 տոկոսի չափով՝ մասնագիտացման ղեկավարներ նշանակված լինելու դեպքում:

33. Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք նախատեսված պարգևատրման սահմանված չափից ավել կարող են պարգևատրվել  «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացի առարկայական ծրագրի շրջանակում դասավանդելու դեպքում՝ յուրաքանչյուր դասաժամի համար պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով: 

34. Պարգևատրումները յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար տրվում են մինչև հաջորդող ամսվա 15-ը:

35. Հաշվետու ամսվա համար նախատեսված պարգևատրման ֆոնդի տնտեսված միջոցները տեղափոխվում և միացվում են հաջորդող ամսվա պարգևատրման ֆոնդին:

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                                                    __  __  2023 թ.
N     - Լ հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՇԽԱՏՈՂ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց (այսուհետ միասին՝ աշխատող) ամսական դրամական պարգևատրման (այսուհետ՝ պարգևատրում) չափորոշիչները և կարգը:

2. Պարգևատրումը տրվում է աշխատողների կատարած որակյալ աշխատանքի համար՝ սույն կարգով նախատեսված պարգևատրման չափորոշիչների հիման վրա՝ հաշվի առնելով առկա ֆինանսական միջոցները:

3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում դեկտեմբեր ամսվա համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ տրվող, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրամական պարգևատրման հետ կապված հարաբերությունների նկատմամբ:

4. Պարգևատրման չափորոշիչները պայմանավորված են օրենքով կամ այլ իրավական ակտով համապատասխան աշխատողի լիազորություններով և (կամ) գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքներով:

5. Կոմիտեի գլխավոր քարտուղարի համար աշխատանքի պարգևատրման չափորոշիչներ չեն սահմանվում:

6. Աշխատողները չեն պարգևատրվում՝
1) կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում՝ «նախազգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում, իսկ առավել խիստ կարգապահական  տույժ ստանալու օրվանից 4 ամսվա ընթացքում.

2) պարտականությունների կատարումը կամ լիազորությունները կասեցված լինելու ընթացքում.

3) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում.

4) հաշվետու ամսվա ընթացքում փաստացի 11 օրից պակաս աշխատելու դեպքում, բացառությամբ գնահատման թերթիկի հիման վրա պարգևատրելիս.

5) հաշվետու ամսվա ընթացքում Կոմիտեում պաշտոնի կամ աշխատանքի նշանակվելու, պաշտոնից կամ աշխատանքից ազատվելու դեպքում:

7. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետները, առանձին դեպքերում, Կոմիտեի նախագահի հայեցողությամբ կարող են կրճատվել՝ Կոմիտեի գլխավոր քարտուղարի ներկայացմամբ:

 

2. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Աշխատողները կատարած որակյալ աշխատանքի համար  ենթակա են պարգևատրման՝  պաշտոնային դրույքաչափի 40 տոկոսի չափով, իսկ Կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալները, Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումերի պետերը և նրանց տեղակալները՝ 45 տոկոսի չափով:

9. Քաղաքացիական ծառայողները պաշտոնային դրույքաչափի  40 տոկոսից ավել՝ զեկուցագրի հիման վրա պարգևատրվում են՝ 

1) աշխատանքային պարտականությունների բարեխիղճ և արդյունավետ կատարման համար.

2) աշխատանքային խմբերում կամ հանձնաժողովներում կատարած արդյունավետ աշխատանքի համար.

3) աշխատանքի ընթացքում դրսևորած նախաձեռնողականության համար:

10. Կոմիտեի հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք կարող են պարգևատրվել պաշտոնային դրույքաչափի  40 տոկոսից ավել:

11. Կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալների, Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերի կողմից հաշվետու ամսվա ընթացքում աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքները գնահատում է Կոմիտեի գլխավոր քարտուղարը, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

12. Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների կողմից հաշվետու ամսվա ընթացքում աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքները գնահատում է Կոմիտեի կենտրոնական մարմնի տվյալ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման պետը՝ ուղարկելով Կոմիտեի գլխավոր քարտուղարին, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

13. Կոմիտեի կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին աջակցող բաժինների, Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական վարչությունների աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, մյուս քաղաքացիական ծառայողների, աշխատանքային պայմանագրով աշխատող  և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից հաշվետու ամսվա ընթացքում աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքները գնահատում է Կոմիտեի տվյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման պետը՝ զեկուցագիրը ուղարկելով Կոմիտեի գլխավոր քարտուղարին:

14.Կոմիտեի գլխավոր քարտուղարը  զեկուցագրերը  ներկայացնում է Կոմիտեի նախագահի քննարկմանը:

15. Աշխատողն առանց զեկուցագրի կարող է պարգևատրվել համապատասխանաբար Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի գլխավոր քարտուղարի որոշմամբ, սույն կարգի 8-րդ կետով նախատեսված չափից ավել՝ այդ թվում նաև պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսից ավել:

16. Պարգևատրումները յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար տրվում են մինչև հաջորդող ամսվա 15-ը:

17. Հաշվետու ամսվա համար նախատեսված պարգևատրման ֆոնդի տնտեսված միջոցները տեղափոխվում և միացվում են հաջորդող ամսվա պարգևատրման ֆոնդին: