ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
21.02.19, 15:30

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին (ինկորպորացված տարբերակ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 

ք.Երևան, 17.11.2014թ., թիվ  10-Ա
(Ինկորպորացված տարբերակ) 

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝




Հրամայում եմ՝




1. Հաստատել մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերի վրա:

 

                                                                                Ա.Գ. Հովսեփյան




  

 

 

                                                                         Հավելված՝
  Հայաստանի Հանրապետության  քննչական
                                                                      կոմիտեի նախագահի  «    » ---------- 2014թ.
                                  թիվ ----- հրամանի

 

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՄԱՍՆԱՎՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿԱՐԳՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ
ԿԱՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ





1. Սույն ուղեցույցով սահմանվում են մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդում իրականացնելու, քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու միասնական չափանիշները:

2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում այն քրեական գործերը, որոնք հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդված):

3. (Ուժը կորցր. 02.02.2018. N 6-Ա)

4. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի):

5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ և 183-րդ հոդվածների ուժով մասնավոր մեղադրանքով գործ հարուցելու և դրանով քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը կախված է դիմողի՝ հանցավորին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար քրեական հետապնդման մարմնին դիմելու ցանկությունից և կամարտահայտությունից: Քրեական դատավարությունում դիմող կարող է հանդիսանալ յուրաքանչյուր ոք, ով իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է քրեական հետապնդման մարմնին:  Եթե խախտվել են անչափահաս կամ անգործունակ անձանց իրավունքները, ապա դիմող են համարվում նրանց օրինական ներկայացուցիչներ: Դիմողը քրեադատավարական գործունեության ոլորտ ներգրավվում է սեփական նախաձեռնությամբ, առանց վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման: 

Անձը, ում իրավունքները խախտվել են իր անօգնական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը, ապա նման իրավիճակում, քրեական գործ հարուցելու առիթն օրինական, իսկ հիմքերը բավարար լինելու դեպքում, քրեական գործ հարուցելու մասին որոշում պետք է կայացվի հանրային մեղադրանքի գործերի հարուցման համար սահմանված ընդհանուր կարգով` անկախ դիմողի բողոքի առկայությունից (Հայաստանի Հանրապետության  վճռաբեկ դատարանի ՎԲ-73/08 որոշման 13 կետ, 2008թ. դեկտեմբերի 26): Նման դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է  քրեական գործ հարուցել և քրեական հետապնդում իրականացնել տուժողի կամքից անկախ

6. Եթե մասնավոր հետապնդման վարույթ հարուցվել է ոչ թե դիմողի, ում իրավունքները խախտվել են քրեական օրենքով արգելված արարքի կատարմամբ, այլ երրորդ անձի կողմից, ապա քննիչը, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի ՎԲ-73/08 որոշման 15-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշմամբ, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, կարճում է քրեական վարույթը, բացառությամբ 5-րդ կետերով նախատեսված դեպքերի:

7. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հարցը լուծելիս քննիչը պարտավոր է հաշվի առնել ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը: Այն դեպքում, երբ մասնավոր հետապնդման գործերով անձն առարկում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով վարույթի դադարեցման դեմ, անկախ դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հանգամանքից, գործի վարույթը պետք է շարունակել ընդհանուր կարգով` հնարավորություն տալով ենթադրյալ հանցանք կատարած անձին արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի առջև ապացուցել իր անմեղությունը (Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի թիվ ՇԴ/0012/11/13 որոշման 17-18-րդ և 20-րդ կետերը, 2014 թվականի մարտի 28):

8. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված նորմը կիրառելի է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝ ա) վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ անձը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք է կատարել, բ) բացակայում է դիմողի (տուժողի) բողոքը, գ) ենթադրյալ հանցանք կատարած անձը չի առարկում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ (Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0182/11/13 որոշման 13 կետը, 2014 թվականի մայիսի 31):

9. Մասնավոր կարգով հետապնդվող քրեական գործերով, եթե հայտնի չէ ենթադրյալ հանցանք կատարած անձը և բացակայում է դիմողի բողոքը, ապա քննիչը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, որոշում է կայացնում քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Քրեական գործի հարուցումը մերժելուց հետո, եթե պարզվել է ենթադրյալ հանցանք կատարած անձը, ով առարկում է քրեական գործի հարուցումը մերժելու դեմ, կամ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնցով պայմանավորված արարքի որակումը ենթակա է փոփոխման Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով (հոդվածի մասով կամ կետով), որով կարող է իրականացվել հանրային հետապնդման, ապա պետք է դիմել իրավասու դատախազին՝ քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի կարգով վերացնելու միջնորդությամբ:

10. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 183-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում քննիչը նախապատրաստած նյութերն ուղարկում է դատախազին՝ ընդհանուր կարգով քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու նպատակով: (Խմբ. 02.02.2018. N 6-Ա)