ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
24.12.14, 12:40

Հրաման՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄՒՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հրաման

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում
ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին
 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ 

Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը՝ համաձայն հավելվածի (կցվում է):


Ա. Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ
 

 

 

Հավելված՝
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի
2014թ. դեկտեմբերի  « 24 »-ի թիվ -------- Լ հրամանով
 

 

Կ Ա Ր Գ՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում (այսուհետ՝ Դեպարտամենտ) պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները:
 

2. Պետական ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր հետևյալ դեպքերում`
 

1)   հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի արձակուրդի.

2)   պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.
3) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով պետական ծառայողի գործուղման.

4) մինչև պետական ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելու.

5) պետական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
 

3. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը սույն կարգով նախատեսված դեպքերում կարող է զբաղեցվել՝
 

1) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողի կողմից.

2) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող պետական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ՝ Կադրերի ռեզերվ) գրանցված պետական ծառայողի կողմից.

3) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի կողմից:

Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պետական ծառայողը կամ անձը պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնում է իր համաձայնությամբ:
 

4. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողի կողմից կարող է զբաղեցվել սույն կարգի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ մինչև վեց ամիս ժամկետով տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ՝ նրա որոշմամբ:
 

5. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող Կադրերի ռեզերվում գրանցված պետական ծառայողի, իսկ դրա անհնարինության դեպքում մեկ այլ անձի կողմից կարող է զբաղեցվել՝
 

1) սույն կարգի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ՝ նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր) կնքելով (Ձևը կցվում է).

2) սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից նրա հետ Պայմանագիր կնքելով:
 

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում (ընդ որում, սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում՝ եռօրյա ժամկետում) տվյալ պաշտոնի ստորաբաժանման ղեկավարը գրավոր դիմում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող սույն կարգով նախապատվություն ստացած Կադրերի ռեզերվում գրանցված պետական ծառայողի մասին տեղեկություններ ստանալու համար:
 

7. Սույն կարգի 6-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերում գրավոր դիմումը ստանալուց հետո Դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ՝ Անձնակազմի կառավարման վարչություն) առնվազն տասնօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն՝ Կադրերի ռեզերվում գրանցված պետական ծառայողների կողմից պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացնելու նպատակով:
 

8. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները`
 

1) համապատասխան ստորաբաժանման անվանումը.

2) պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը և տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

3) պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը կամ դրա վերացման ժամկետը.

4) դիմումների ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության առաջին հրապարակման երրորդ աշխատանքային օրը.

5) Անձնակազմի կառավարման վարչության գտնվելու վայրը և համապատասխան հեռախոսահամարը

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հայտարարության հիման վրա ներկայացված դիմումներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող Կադրերի ռեզերվում գրանցված պետական ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող պետական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` պետական ծառայության առավել երկար ստաժ ունեցող պետական ծառայողին:
 

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պետական ծառայողի մասին Անձնակազմի կառավարման վարչությունը պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
 

11. Անձնակազմի կառավարման վարչությունը սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պետական ծառայողին սույն կարգով սահմանված ընթացակարգով նախապատվություն տալու դեպքում այդ մասին հայտնում է նրան սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկացման օրը:
 

12. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող Կադրերի ռեզերվում գրանցված պետական ծառայողի (ծառայողների) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած Կադրերի ռեզերվում գրանցված պետական ծառայողը (ծառայողները) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա Անձնակազմի կառավարման վարչությունը պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին:
 

13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկությունը ստանալուց հետո մինչև երրորդ օրը ներառյալ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պետական ծառայողի կադրային մարմին չներկայանալու դեպքում պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ կնքել Պայմանագիր, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք ) Օրենքի 17-րդ 21‑րդ, 22‑րդ, 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները:
 

Չի թույլատրվում այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե պետական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 10‑րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 17-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:
 

14. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը  սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո եռօրյա ժամկետում, իսկ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերում` մեկամսյա ժամկետում, Պայմանագիրը կնքում է երկու հավասարազոր օրինակից, որի մեկ օրինակը պահվում է Անձնակազմի կառավարման վարչությունում, իսկ երկրորդը՝ նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:
 

15. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ Պայմանագիր չկնքելու, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պետական ծառայողի կողմից տվյալ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարվելու դեպքում պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցվում է սույն կարգով նախատեսված ընդհանուր հիմունքներով:
 

16. Պայմանագրի ժամկետը, մինչև սույն կարգի 17-րդ կետով նախատեսված հիմքերից մեկի առաջացումը, կարող է երկարաձգվել պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի կամ դրա վերացման ժամկետի փոփոխման դեպքում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի և այն անձի համաձայնությամբ, ում հետ կնքվել է Պայմանագիրը:
 

17. Պայմանագիրը լուծվում է՝
 

1)    պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման, այդ թվում՝ վաղաժամկետ վերացման դեպքում.

2)   Օրենքի 42-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 9-րդ, 13-րդ, 19-րդ կետերով և 4-րդ մասով) նախատեսված դեպքերում.

3)   սույն կարգի խախտմամբ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.

4)   ժամանակավոր անաշխատունակության հետևանքով Պայմանագրով սահմանված ժամկետում աշխատանքի չներկայանալու դեպքում, ընդ որում` պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մեկ ամսից ավելի ժամկետով զբաղեցնելու դեպքում՝ ոչ պակաս, քան տասն աշխատանքային օր, իսկ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մինչև մեկ ամիս ժամկետով զբաղեցնելու դեպքում՝ ոչ պակաս, քան հինգ աշխատանքային օր:

Սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետները կարող են երկարաձգվել պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ:

Սույն կարգի խախտմամբ կնքված Պայմանագիրը ենթակա չէ լուծման տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի անձնական դիմումի համաձայն:
 

18. Չի թույլատրվում պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում տվյալ պետական ծառայության պաշտոնի անձնագրում կատարել այնպիսի փոփոխություն, որը կարող է հանգեցնել տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի հետ կնքված Պայմանագրի լուծմանը: